Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

PanARMENIAN.Net - Կիրանցից դեպի Երևան քաղաքացիների քայլերթն առաջնորդող Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ շարժմանը։

«Իրենք մնացին փողոցում, փողոցից չհասան տուն, չհասկացան, թե իրենք ով են, որտեղ են գտնվում, մնացին թքելով, չհասկացան, թե իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքը ինչ աղետների է մատնվում, հայհոյանքով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին․․․Ասեմ ձեզ, որ իրենց «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան անդամները, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ։ Սա էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, տղեք, չվախենաք, ոչինչ»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ «չի կարելի, որ մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»։

Պատասխանելով եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին հնչած հայտարարություններին, սրբազանն արձագանքել է՝ իսկ մեր երկրում կա՞ քաղաքականություն։

«Մեր երկրում չկա քաղաքականություն, կա քմահաճույքներով, պարտադրանքներով, այլ մեթոդներով գործող մի կառուցվածք երևի»,-ասել է նա։

Տավուշի թեմի առաջանորդի խոսքով, այս երթը և գույն չունի, և միաժամանակ բազմագույն է։

«Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են...գնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։ Սա հայ մարդու լինելության, գոյության մասին է, ստի պարտության, ճշմարտության հաղթանակի մասին է։

Մենք ստով կերակրված ժողովուրդ ենք, թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք։ Այսօր տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ խոսել, դրա պատասխանատվությունն ո՞ւմ վրա է…

Մենք ասում ենք, որ սա (սահմանազատում-խմբ.) ապօրինի, հակաօրինական գործընթաց է, պետք է դադարեցվի։ Չորս տարի առաջ եմ ասել՝ չի կարող լինել այդպիսի բան, որ մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ, վճիռներ կայացնեն։ Էն ժամանակ էլ ասեցին՝ քաղաքականություն-մաղաքականություն։ Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը, դուք չեք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնվում։ Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ ընկերների, իմ եղբայրների, ես կուսակից ընկեր ունեմ, որին հուղարկավորել եմ այս հայրենիքի համար։ Սա է իրականությունը, կամ պետք է ունենանք պետություն, որը գլուխը բարձր ապրում է՝ բոլոր տառապանքներով, դժվարություններով՝ հաղթանակի միտված, կամ էլ պետք է վերանանք գնանք»,-ասել է նա։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---